Բացառիկ առաջարկ Հայաստանում. ձեռք բեր արևային կայան «Սանհիթ»-ից՝ ապահովագրված «Նաիրի Ինշուրանս»-ում

Նոր համագործակցություն՝ հանուն ավելի ապահով և կայուն ապագայի. «Նաիրի Ինշուրանսը» և արևային կայանների տեղադրմամբ զբաղվող «Սանհիթ» ընկերությունը ստորագրել են բացառիկ համագործակցության հուշագիր, որի շրջանակում «Սանհիթ»-ից արևային կայան ձեռք բերող հաճախորդները կստանան ապահովագրական պաշտպանություն «Նաիրի Ինշուրանս»-ից։

Հատկանշական է, որ «Սանհիթ»-ը Հայաստանում հանդիսանում է արևային վահանակների արտադրության համաշխարհային առաջատար LONGi ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում՝ առաջարկելով բարձրորակ և նորարարական տեխնոլոգիաներով հագեցած արևային ֆոտովոլտային վահանակներ և կայաններ։

«Նաիրի Ինշուրանսը մշտապես հետևում է շուկայի փոփոխություններին և ձգտում է առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք համապատասխանում են ժամանակի պահանջներին։ Արևային էներգետիկայի արագ զարգացումը Հայաստանում մեզ համար հստակ ազդակ էր՝ ստեղծելու այսպիսի առաջարկ և ապահովագրական պաշտպանություն տրամադրելու արևային կայանների սեփականատերերին»,- իր խոսքում նշում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը։

Համագործակցության շրջանակում արևային կայանների գնորդները կստանան 12 ամսվա ապահովագրական ծածկույթ՝ պաշտպանված լինելով մի շարք ռիսկերից՝ ներառյալ հրդեհը, կարկուտը, ուժեղ քամին, ջրհեղեղը, գողությունը և այլ հնարավոր վնասները։

«Այսօր արդեն անքննելի է, որ արևային ֆոտովոլտային կայանները զբաղեցնում են իրենց ուրույն տեղը Հայաստանի էներգետիկ համակարգում: Բոլոր համաշխարհային նորարությունները, որոնք փորձարկված են մենք արդեն ներդրել ենք մեր ընկերության առաջարկներում և կարողացել ենք գործունեության կարճ ժամանակում հասնել համաշխարհային առաջատարների հետ գործընկերային բարձր մակարդակի: Շնորհակալ ենք «Նաիրի Ինշուրանս»-ին, որ ներգրավվեց այս կարևոր նախաձեռնությունում»,-նշում է «Սանհիթ» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Վարդանյանը: 

Պետք է նշել, որ համաշխարհային վիճակագրության համաձայն՝ ամենից հաճախ արևային կայանները վնասվում են կարկուտի, ուժեղ քամու և հրդեհի հետևանքով։ Հաշվի առնելով մեր երկրում արևային էներգիայի մեծ ներուժը՝ արագ զարգացումն ու բարձր պահանջարկը՝ այս համագործակցության նպատակն է ոլորտում ապահովագրության մշակույթ ձևավորել՝ նպաստելով ռիսկերի կառավարմանը։

Արևային էներգիա, համաշխարհային տեխնոլոգիաներ և ապահովագրական պաշտպանություն՝ մեկ վստահելի լուծման մեջ։

«Սանհիթ» ընկերության մասին

«Սանհիթ» ընկերության արևային կայանի վահանակները արևի ճառագայթների միջոցով ջերմացնելու են ձեր բնակարանն ու բիզնեսը և խնայելու են զգալի գումար, որը հնարավոր է ուղղորդել ներդրումային այլ ծրագրերի:

Առաջ շարժվելով ու տեխնոլոգիական զարգացումների զարկերակը զգալով` 2024-ին հիմնադրվում է «Սանհիթ» ընկերությունը, որն իր շուրջն է հավաքում ավելի քան 10 տարվա փորձառություն ունեցող արևային կայանների գրագետ չափագրման ու տեղադրման ոլորտի մասնագետների, ովքեր իրենց հարուստ  գիտելիքները ներդնում են ընկերության զարգացման, տարածման և հզորացման գործում՝ աջակցելով Հայաստանի տնտեսական առաջընթացին:

«Նաիրի Ինշուրանս» ընկերության մասին

Նաիրի Ինշուրանսը Հայաստանի ապահովագրական շուկայի ամենահնաբնակ ընկերությունն է, որի պատմությունը սկսվել է 1996թ.։ Միակն է, որ ունի միջազգային վարկանիշ հեղինակավոր Moody’s գործակալության կողմից՝ B1՝ կայուն հեռանկարով։ 

2025թ. արդյունքներով՝ շուկայի առաջատարն է հավաքագրված ապահովագրավճարների ծավալով։

2025թ. ընկերությունը ռազմավարական համագործակցություն հաստատեց աշխարհի առաջատար AXA Health International-ի հետ, որն ունի շուրջ 2 միլիոն գործընկեր բուժհաստատություններ աշխարհում։ Այդ համագործակցության շրջանակում այս տարի ներդրվեց համատեղ մշակված Global Health Insurance ծրագիրը։ Առաջին անգամ Հայաստանում հասանելի է միջազգային առողջապահական ծրագիր, որի շրջանակում ապահովագրված անձը կարող է բուժում ստանալ Հայաստանի և աշխարհի 50+ երկրների առաջատար բուժհաստատություններում։