Հրաչյա Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոնում պրեմիերա էր: Ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի բեմադրմամբ ներկայացվել է Վիլիամ Շեքսպիրի «Համլետ» ողբերգության նոր մեկնաբանությամբ նորամուտը Դրամատիկական թատրոնի խաղացանկ:
Դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերներից է «Սանհիթ» արևային ֆոտովոլտային կայանների տեղադրմամբ զբաղվող ընկերությունը:
«Մեր ընկերությունը երկարատև համագործակցության ուղի է նախանշել հայկական թատերական արվեստի այս անկյունաքարային օջախներից մեկի՝ Երևանի դրամատիկական թատրոնի հետ: Սա առաջին քայլն է, և մենք, որպես սոցիալական պատասխանատվություն ունեցող ընկերություն, չէինք կարող անմասն մնալ այս կարևորագույն իրադարձությունից, ինչպիսին «Համլետն» է: Կարծում եմ՝ բեմադրությունը ստացված է: Մենք մեծ բավարարվածություն ենք ստացել և մաղթում ենք ներկայացմանը անսպառ ծափահարություններ և երկարակեցություն»
– նշել է ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Վարդանյանը:

Ներկայացման նախապատրաստական աշխատանքները տևել են ամիսներ, ուսումնասիրվել են «Համլետ»-ի տարբեր թարգմանություններ, կերպարների վերլուծություններ և ժամանակակից լուծումներով փաթեթավորված ներկայացվել է հանդիսատեսի դատին: «Համլետ»-ի այս նոր մեկնության մեջ գործողությունները տեղի են ունենում էներգակիրի ժանգոտ կայանում:

Դրամատիկական թատրոնի տնօրեն Արտաշես Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Սանհիթ» ընկերությանը՝ նշելով.
«Ողջունելի է, որ մեր իրականության մեջ գործարարությունը քայլ է անում դեպի մշակույթ, դեպի թատրոն: Սա կարևոր է քանի որ նման նախաձեռնությունների շնորհիվ մենք կարողանալու ենք նոր նշաձողեր սահմանել և նոր որակի բեմադրություններ ներկայացնել հանդիսատեսին: Վստահ եմ, որ նոր «Համլետ»-ն իր նոր մոտեցումներով և կերպարային լուծումներով կդառնա մեր երկրի թատերական այցեքարտերից մեկը»:
Բեմադրիչ-ռեժիսորի հմայիչ, սատիրիկ տրամադրությունը դժվար է չնկատել՝ ինչո՞ւ ճապոնացիներ, ինչո՞ւ այդքան շատ ոգելից խմիչք: Ի՞նչ կապ ունի այս ամենի հետ լռակյաց քիմիկոսը, որ հավատարմորեն կատարում է ծառայի, հավաքարարի, բեռնակրի պարտականությունները. նա գերեզմանափորն է: Այս հարցերի պատասխանները թե՛ հանդիսատեսի և թե՛ քննադատների համար ակնհայտ են դառնում ներկայացումը դիտելուց հետո:
Դերասանախաղն առանց չափազանցությունների է՝ նուրբ տրամաչափով: Այլաբանությունն ընթեռնելի է հանդիսատեսին:
Երաժշտական ձևավորումը՝ Ջանգո Ռեյնհարդի, Guns N Roses խմբի և ավանդական ճապոնական լարային գործիք կոտոյի:Ներկայացման խաղացանկում ընդգրկված են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Լիդիա Գրիգորյանը (Համլետ), Գագիկ Մկրտչյանը (թագավոր), Լուիզա Ղամբարյանը (թագուհի), Դիանա Մալենկոն (Օֆելիա), Վլադիմիր Մսրյանը (Ռոզենկրանց) և այլ տաղանդավոր դերասաններ: